2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենալու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իր համար պատիվ է բոլոր երկրների կառավարությունների ղեկավարներին հրավիրել` մասնակցելու երևանյան այդ համաժողովին։
«Հույս ունեմ, որ այդ ժամանակ արդեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում զեկուցած կլինեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, առնվազն, ստորագրված է, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացված է, իսկ TRIPP ուղի ներդրումային ծրագրի մի մեծ հատված՝ արդեն իրականացված։
Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր նվիրվածությունը խաղաղության օրակարգին և ձեռք բերված խաղաղությանը։ Համոզված եմ, որ Ադրբեջանի հետ սերտ երկխոսության, տարածաշրջանային երկրների և միջազգային հանրության աջակցությամբ մենք այլևս երբեք չենք շեղվի խաղաղության ուղեգծից։
Կեցցե երկխոսությունը, կեցցե դիվանագիտությունը, կեցցե խաղաղությունը»,- այսպես իր խոսքը եզրափակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։