TRIPP ուղի ենթակառուցվածքային նախագիծը գործելու է ՀՀ տարածքով ԱՄՆ-ՀՀ երկկողմ ձևաչափով համաձայնեցված բիզնես մոդելով։ Բաղկացած լինելով մի քանի տասնյակ կմ տարբեր ենթակառուցվածքներից՝ այն թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ նշանակություն ու ազդեցություն է ունենալու։ Այդ մասին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում ունեցած ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի նախագահը, այդ թվում՝ այս ամբիոնից, օգտագործել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա, ՀՀ-Ադրբեջան բանակցություններում և փաստաթղթերում երբեք չի եղել։
Կարծում եմ՝ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունն օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։
Օգոստոսի 8-ի փաստաթղթերում մենք հստակ բովանդակություն և խոսույթ ենք համաձայնեցրել, և այդ համաձայնություններին հավատարմությունը որևէ կերպ կասկածի տակ դնելը հասկանալի չէ։ Այդ խոսույթները խաղաղության նկատմամբ մարդկանց հավատը չեն մեծացնում, խաղաղության մթնոլորտից և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում։ Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։ Ճիշտն ասած՝ չեմ հասկանում՝ որն է ահռելի պոզիտիվ բովանդակության առկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Մի՞թե խաղաղությունը բավարար բերկրանք և բավարարվածություն չի պատճառում։ Ինձ, օրինակ, պատճառում է. ինձ բավարար բերկրանք է պատճառում նաև այն, որ ՀՀ-ը տպավորիչ տեմպերով զարգացող անկախ, ինքնիշխան, սեփական ապագան այսօր կառուցող ժողովրդավարական պետություն է և ատելություն չի տածում ու չի տարածում հարևանների և որևէ մեկի նկատմամբ։
Ադրբեջանցի գործընկերոջս առաջարկում եմ կենտրոնանալ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտափույթ և ճշգրիտ կյանքի կոչելու վրա, ինչի համար էական է լեգիտիմ խոսույթների կիրառումը»,- նշեց վարչապետը։