Շարունակվում է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Նյու Յորք։
Նախարարը հայտնել է, որ այցի շրջանակում գործընկերների հետ քննարկել է COP-17-ին առնչվող կազմակերպչական գործընթացները, սպասվող ծրագրերը և համագործակցության հնարավորությունները։
«Այսօր հանդիպում ունեցա ԵՄ Շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների, կայունության և մրցունակ վերամշակման տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկեցինք կողմերի համաժողովների համադրման կարևորությունը՝ անդրադառնալով նախորդ COP-երի փորձին և տարբեր միջազգային տարբեր կառույցների ներգրավմամբ ձևավորվող սիներգիաներին։
Առանձնահատուկ շեշտադրեցի ճիշտ մոտեցումների և արդյունավետ մեթոդաբանությունների կիրառման անհրաժեշտությունը՝ նպատակային և շոշափելի արդյունքների հասնելու համար։ Քննարկեցինք նաև COP17-ի կազմակերպչական գործընթացը, սպասվող աշխատանքները և նախապատրաստական քայլերը՝ արդյունավետ և համակարգված ընթացք ապահովելու նպատակով։
Կարևորեցինք շահակիցների հետ շարունակական կապի պահպանումը և համատեղ իրազեկման արշավների իրականացումը, ինչը մեծապես կնպաստի հանրային ներգրավվածության և տեղեկացվածության բարձրացմանը։
Վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ սերտ համագործակցությամբ շարունակել աշխատանքը կայունության ապահովման, բնապահպանական քաղաքականությունների արդյունավետ իրագործման և կլիմայական մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ»,-նշել է նա։