Երևան-Արմավիր ավտոճանապարհից դեպի Ակնալիճ հատվածում բախվել են «Մերսեդես» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶելը» կողաշրջվել է: Այս մասին լուրը 1lurer.am-ին հաստատեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Վթարի մասին ահազանգը ստացվել է սեպտեմբերի 26-ին՝ ժամը 06:52-ին:
«10 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության: Կազմված փաստաթղթերն արդեն փոխանցվել են Քննչական կոմիտե»,- հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից:
Հոսպիտալացված 10 բուժառուից 7-ի առողջական վիճակը բավարար է, 3-ինը՝ միջին ծանրության, 1lurer.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը՝ հավելելով, որ բուժառուները տեղափոխվել են մարզի բժշկական կենտրոն:
«Միջին ծանրության հիվանդներն այս պահին հետազոտություններ են անցնում, անհրաժեշտ բուժօգնություն ստանում:
Ծանր դեպքեր, կյանքին սպառնացող վտանգ չունենք»,- ասաց նա: