ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է հստակեցնել վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված պատասխանատվության դրսևորման ձևերը: Զեկուցողը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ չեն եղել: Կատարվել են խմբագրական շտկումներ:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Պետական սահմանի մասին» օրենքում առաջարկվող լրացումը: Կառավարությունն առաջարկում է հստակեցնել ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) կարգավիճակը և հնարավորություն ստեղծել առավել համակարգային կարգավորումների նախատեսման համար: Փոխնախարարը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրքն ու հարակից օրենքների փաթեթը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Կառավարությունն առաջարկում է ամրագրել ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգը, յուրաքանչյուր ծառայության համար ստեղծել առանձին էթիկայի հանձնաժողովներ և սահմանել համապատասխան ծառայողների բարեվարքության խախտումների քննության առանձնահատկությունները: Զեկուցողը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վարաբերյալ Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնց հաշվառմամբ նախագծերը լրամշակվել են: Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ առաջարկները պայմականորեն բաժանված են երեք խմբի: Առաջին խմբի առաջարկները միտված են կոռուպցիայի հակազդման արդյունավետության բարձրացմանը, երկրորդ խմբինը՝ ոստիկանության մի շարք առանցքային գործառույթների իրականացման հստակեցմանը, իսկ երրորդ խմբի առաջարկներն ուղղված են ոստիկանության և փրկարար ծառայությունում մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացի լավարկմանը: Զեկուցողը նշել է նաև, որ անցումային դրույթներում նախատեսվել են կարգավորումներ, ըստ որի՝ փաթեթի՝ մինչև ուժի մեջ մտնելը, նշանակված ծառայողական քննությունները կշարունակվեն նշանակման պահին գործող կարգավորումներով. փաթեթի՝ ուժի մեջ մտնելուց հետո դրանք կիրականացվեն արդեն նոր կարգավորումներով:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն առաջարկել է ընդունել ներկայացված առաջարկները և կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթի նպատակն է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների և բարձրախոսների տեղադրումը:
Օրենքների նախագծերի վերաբերյալ Կառավարությունը ներկայացրել է առաջարկ, ըստ որի՝ տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների, խլացուցիչների կամ նվագարկիչներին լրացուցիչ ուժեղացուցիչների, բարձրախոսների տեղադրելու կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու դեպքերում կկիրառվի տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ինչպես նաև կիրականացվի տեղադրված միջոցների բռնագրավում: Նման վարորդները նաև կկորցնեն երկու միավոր:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն առաջարկել է կողմ քվեարկել օրենքի նախագծի ընդունմանը՝ հավելելով, որ դա Հայաստանում բավականին տարածված, հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտում է: Օրենքի նախագծի ընդունումը կարևորել է նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին. առաջարկվել է դրանք ներառել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում: