Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է մեկ տարով երկարաձգել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև Ռազմավարական հարձակողական զինատեսակների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը, եթե Վաշինգտոնն անի նույնը:
Պայմանագիրը կնքվել է 2010 թվականին, դրա ժամկետն ավարտվում է 2026 թ. փետրվարի 5-ին: Փաստաթղթով նախատեսվում է տեղակայված ռազմավարական միջուկային զինանոցների փոխադարձ կրճատում:
Անվտանգության խորհրդի հետ խորհրդակցության ժամանակ Կրեմլի ղեկավարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ լարվածության սրմամբ և սպառազինությունների մրցավազքի հրահրմամբ, սակայն միևնույն ժամանակ ի վիճակի է պատասխանելու ցանկացած գոյություն ունեցող և նոր ծագող սպառնալիքի, ընդ որում, ոչ միայն խոսքով, այլև ռազմատեխնիկական միջոցների կիրառմամբ։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը վստահ է զսպման ուժերի հուսալիության և արդյունավետության հարցում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան