Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպում ունեցանք «ServiceNow» ընկերության փոխնախագահ Նիկ Տցիցոնիի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համագործակցության հնարավորությունները՝ արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիական և թվային փոխակերպման ուղղություններով։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց «ServiceNow» ընկերության կողմից մշակվող ինտեգրված պլատֆորմի նպատակային կիրառությանը՝ պետական և մասնավոր հատվածում բիզնես գործընթացների ավտոմատացման, աշխատանքային հոսքերի արդյունավետ կառավարման, կիբերանվտանգության ամրապնդման և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով։
Քննարկման ըթացքում ընդարձակ անդրադարձ կատարեցինք թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության գործիքների կիրառմանը բնապահպանության ոլորտում։ Այս համատեքստում անդրադարձ կատարեցինք նաև 2026 թվականին Հայաստանում նախատեսվող ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերին։
«ServiceNow» ընկերության փոխնախագահն իր պատրաստակամությունն հայտնեց աջակցել համաժողովի անցկացմանը։
Պայմանավորվեցինք շարունակել աշխատանքային քննարկումները համագործակցության կոնկրետ ուղղությունները հստակեցնելու և համատեղ ծրագրերի իրագործման նպատակով»,- գրել է նա։