ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին ՀՀ օրենքը շատ էական կետ է, որին մենք ժողովրդավարության մասին խոսելիս պետք է անդրադառնանք, որովհետև շատ է հնչում հարցը, թե ԵՄ-ին անդամագրվելն ինչքանով է Հայաստանի համար իրատեսական և ոչ իրատեսական: Այդ մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարությունը և քաղաքական մեծամասնությունն ի՞նչ է ասում: Ասում է՝ մեր խնդիրն է հասնել ԵՄ ստանդարտներին, բոլոր բնագավառներում հասնել ԵՄ ստանդարտներին: Մենք հասկանում ենք, որ նույնիսկ դրանից հետո կարող է չդառնանք ԵՄ անդամ, բայց մեր հիմնական խնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է, որովհետև երբ մենք այդ կետին հասանք, ընդունեն՝ լա՛վ, չընդունեն՝ լա՛վ, մենք մեր արդյունքը, մեր խնդիրը, մեր ստանդարտների հարցը լուծել ենք: Եվ սա է ամենակարևոր բանը:
Շատերը սրա մեջ տեսնում են աշխարհաքաղաքական... և այլն, բայց ոչ ոք չի արձանագրում՝ մի՛ րոպե, քաղաքական մեծամասնությունն այս ի՞նչ որոշում է ընդունում: Դա հաջորդ քայլն է: Դա անառարկելի հռչակագիր և հայտարարություն է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին մեր անսասան հավատարմության մասին: Հակառակ դեպքում նման օրենք ընդունելն իմաստ չէր ունենա»,- ասաց նա: