Էլեկտրոնային նախնական հաշվարկների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը (758 ձայն)։
Ինչպես ավելի վաղ հայտնել են ՔՊ-ից, այժմ իրականացվում է ձեռքով հաշվարկը։
24 ժամվա ընթացքում կարող են ստացվել բողոքարկման հայտեր, հաջորդ 24 ժամվա ընթացքում հայտերը պետք է քննվեն։ Եթե բողոքարկում չստացվի, ձեռքով ստացված տվյալները կհամարվեն վերջնական։
Հավելենք, որ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև Արայիկ Հարությունյանը՝ նշելով․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ»:
Առանձին գրառումներ են կատարել նաև կուսակցության մի շարք անդամներ։
«Նախնական արդյունքներով՝ 4-րդ անգամ վերընտրվեցի որպես ՔՊ վարչության անդամ»,-նշել է Ռուբեն Ռուբինյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի կուսակցական ընկերներ,
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովում վերընտրվել եմ որպես կուսակցության վարչության անդամ։
Շնորհակալ եմ վստահության համար։
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,-գրել է Արսեն Թորոսյանը։
«Սիրելի’ ընկերներ, ընտրվել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ։
Բոլորիցդ շատ շնորհակալ եմ, այս անգամ չեմ հիասթափեցնի»,-նշել է Վիլեն Գաբրիելյանը։
«Հարգելի համախոհնե՛ր,
Սիրելի կուսակցական ընկերնե՛ր,
Հայտնում եմ, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ Համաժողովում հինգերորդ անգամ անընդմեջ վերընտրվել եմ Կուսակցության Վարչության կազմում։
Շնորհակալություն եմ հայտնում Համաժողովի բոլոր պատվիրակներին՝ յուրաքանչյուր գիտակցված ու հասցեական քվեի համար, ինչպես նաև ՔՊ կուսակցության բոլոր անդամներին ու համակիրներին՝ քաղաքական համախոհության, տևական վստահության ու համագործակցության համար։
Ինչպես միշտ՝ քաղաքական գործունեությանս առանցքում բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահն է, գերնպատակս՝ Իրավունքի և Օրենքի գերակայության հաստատումը մեր կյանքի բոլոր ոլորտներում։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը։