«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների թիվը կլինի 20՝ 15-ի փոխարեն: Մարդիկ ընտրվում են ուղիղ քվեարկությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ նաև քվոտա է սահմանվել. վարչությունում հակառակ սեռի թիվը չի կարող լինել 5-ից պակաս:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին վարչության նախագահ ընտրելու հարցին՝ նա ընդգծել է, որ վարչապետն ունի բացարձակ մեծամասնության աջակցությունը:
«Այն, որ երկրի գործող վարչապետը, կուսակցության առաջատարը ունի կուսակցության բացարձակ մեծամասնության վստահությունը, դա ոչ թե նորմալ է, այլ առավել քան նորմալ է, աննորմալ կլիներ, եթե այդպես չլիներ, դա կնշանակեր, որ կա ինչ-որ լրջագույն քաղաքական խնդիր»,- ասաց Ալեքսանյանը։