Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի թիվ 104 հանրային հայկական դպրոցում հանդիսավորապես բացվել է «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան։ Այս մասին տեղեկացրել է դեսպանությունը:
Բացման խոսքով հանդես է եկել տնօրեն Իրինա Ժամկոչյանը։ Ներկաներին ողջունել են ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության փոխնախարար Բաիա Կվիցիանին, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը և լաբորատորիայի հիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
«Աշոտ Սմբատյանը շնորհակալություն հայտնեց լաբորատորիայի հիմնադիրներին, Վրաստանի իշխանություններին՝ ի դեմս ԿԳԵ նախարարության և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ գործուն աջակցության համար։ Հատուկ շնորհակալություն հայտնեց նաև բարերարներ՝ Գագիկ և Ռաֆիկ Աղաջանյաններին, Մարիա Չախոյանին և ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանին։ Դեսպանն ուրախությամբ փաստեց, որ նմանօրինակ նախաձեռնություններն առավել ամրապնդում են հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությամբ խարսխված հարաբերությունները՝ նպաստելով Հայաստան-Վրաստան ռազմավարական համագործակցության խորացմանը։
Կարևորելով ժամանակակից տեխնոլոգիաների տիրապետման անհրաժեշտությունը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծեց ԱրՄաթի կարևոր դերն այս գործընթացում։ Վրաստանի ԿԳԵ փոխնախարարն իր գնահատանքը հայտնեց ՀՀ կառավարության՝ Վրաստանի հայկական դպրոցների հանդեպ ցուցաբերվող ուշադրության համար։
Ներկաներին լաբորատորիայի ընդհանուր գործունեությունը, նպատակն ու գրանցած ձեռքբերումները ներկայացրեց ԱրՄաթի համակարգող Սեդրակ Վարդանյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։