Շատ երկար տևած բոլոր փորձաքննությունների արդյունքում ունենք «Աջափնյակ» մետրոյի կայարանի նախագիծը: Այս նախագիծը բաժանել ենք 3 փուլի: Այս 3 փուլերը լինելու են «Բարեկամություն» մետրոյից մինչև կիրճ գտնվող թունելային հատվածի կառուցումը, կամրջի կառուցումը, կամրջից թունել՝ դեպի կայարան, և բուն կայարանի կառուցումը: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք երեք լոտով կհայտարարենք մրցույթներ, կտեղեկացնենք հնարավոր խոշոր ընկերություններին, որպեսզի մասնակցություն ունենան այս մրցույթներին, կունենանք հաղթող և արդեն հաջորդ իսկ քայլով կքննարկենք ֆինանսական միջոցների տրամադրման հարցը:
Կարող եմ ասել, որ 2026 թվականին մենք կարող ենք սկսել աշխատանքները մետրոյի «Աջափնյակ» կայարանում: «Աջափնյակ» կայարանի կառուցումից հետո Երևանի մետրոպոլիտենում ուղևորահոսքի աճը կլինի մոտ 25 տոկոս, այսինքն՝ այն էական մեծ ազդեցություն է ունենալու ուղևորահոսքերի վրա»,- ասաց Ավինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ մետրոյի հետագա զարգացման հարցը քննարկվում է նաև Ակադեմիական քաղաքի նախագծի շրջանակներում:
«Այս առումով մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը շատ կարևոր է, ընդ որում՝ երբ մենք Ակադեմիական քաղաքի տրանսպորտային համակարգի զարգացման հնարավոր սցենարներն էինք քննարկում, եկանք այն եզրակացության, համենայն դեպս, աշխարհագրությունն էլ ինքնին հուշում է, որ մենք հնարավորություն ունենք մետրոյի «Աջափնյակ» կայարանից հետո զարգացնել մինչև Ակադեմիական քաղաք և մետրոյի Ակադեմիական քաղաքի կայարանն արդեն ուղղորդել դեպի մետրոյի «Չարբախ» կայարան, և, ըստ էության, կստացվի, որ մենք ինչ-որ առումով շրջանաձև մետրոյի երթևեկություն ենք ունենում, որն ավելի էֆեկտիվ կլինի»,- ասաց նա: