Տրոլեյբուսները մասնավորապես և էլեկտրատրանսպորտն ընդհանրապես Երևանի համար կարող են շատ արդյունավետ լինել մանավանդ հիմա, երբ մենք ֆոտովոլտային կայանների շատ մեծ հզորություններ ենք գեներացնել: Տրանսպորտը հիմնականում աշխատում է ցերեկային ժամերին, այդ տրամաբանության մեջ տրոլեյբուսները, իհարկե, շատ էֆեկտիվ տրանսպորտային միջոց են: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 45 նոր տրոլեյբուս և 104 վերելակ ձեռք բերելու համար վերաբաշխում կատարելու որոշման նախագծին:
«Նաև քննարկել ենք, որ հետագայում պետք է մտածել էլեկտրոավտոբուսների ձեռքբերման նպատակահարմարության շուրջ: Ինչպես հասկանում եմ, այս թեմայով կարծես թե կա ըմբռնում, և մեր պլաններում սա նույնպես մի նրբություն է, որին պետք է ուշադրություն դարձնենք»,- ասաց նա:
Այս համատեքստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց մի քանի տարիների ընթացքում Երևան քաղաքի տրանսպորտային ավտոպարկի ձեռքբերումները:
«Մենք հասցրել ենք գնել 87 հատ 12 մետրանոց ավտոբուսներ, մենք գնել ենք 562 հատ 8,6 մետրանոց ավտոբուսներ, և մինչ այս պահը գնել ենք 30 նոր տրոլեյբուսներ, որոնք իրենց գծերից անջատ՝ անկախ միացված լինելուց, կարողանում են հավելյալ 60 կմ երթևեկել:
Այս 45 տրոլեյբուների գնումից հետո մեզ մնում է շարժակազմին վերաբերող 2 հիմնական գնում. դա 18 մետրանոց 249 ավտոբուսներն են, որոնք գալու են փոխարինելու մեր հին «Հիգեր» մակնիշի ավտոբուսներին, որոնք 15-16 տարեկան են, և նոր ցանցի վերլուծությամբ մեզ ևս 26 հատ տրոլեյբուսներ են պետք գալու: Այսինքն՝ բոլոր մնացած շարժակազմերը, որոնք պետք է ձեռք բերենք, միմիայն էլեկտրական պետք է լինեն: Մենք այլևս նույնիսկ չենք էլ քննարկում ներքին այրման շարժիչով կամ նույնիսկ SNG գազով աշխատող շարժիչներով ավտոբուսների գնում: Հետագայում միայն էլեկտրական տրանսպորտ ենք գնելու»,- ասաց նա: