2025 թվականի օգոստոսին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ՝ ուղղված բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, շահագրգիռ մարմինների արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը, ինչպես նաև գերատեսչական համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ ներկայացնելով ամփոփ տվյալներ:
««Հրդեհի դեպքում անձնակազմի և երեխաների տարհանում», «Առաջին օգնություն արտակարգ իրավիճակներում», «Հեղեղումների ժամանակ ու հեղեղումներից հետո վարքականոնները և ազդարարման ազդանշանները», «Դաշտերի և այգիների խոտի այրման վնասները և դրա կանխարգելման կարևորությունները», «Հրդեհային անվտանգության կանոնները» թեմաներով դասընթացներ և իրազեկման միջոցառումներ են տեղի ունեցել տարբեր նշանակության օբյեկտներում։
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում, հրդեհապայթյունավտանգ և արտադրական օբյեկտներում միաժամանակ անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ երկրաշարժի դեպքում անձնակազմի և սաների պաշտպանության, ինչպես նաև հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպման և իրականացման վերաբերյալ։ Այլ հատուկ տակտիկական ուսումնավարժանքների թեմաները վերաբերել են կաթսատուրբինային արտադրամասում յուղի բաքի արտահոսքից բռնկված հրդեհի մարման աշխատանքներին, ինչպես նաև գազատարում վթարի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործընթացներին։
Հատուկ տակտիկական ուսումնավարժությունների շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև խոշոր անտառային հրդեհների դեպքում հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանը։
Մի շարք շտաբային ուսումնավարժություններ են անցկացվել՝ նվիրված անտառային և այլ բուսածածկ տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը, ՔՊ միջոցառումների կազմակերպմանը քաղաքացիական պաշտպանության համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ, ուժեղ երկրաշարժի և սողանքի ակտիվացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև տարհանված բնակչության ընդունման և կենսաապահովման կազմակերպմանը:
Ամսական միջոցառումների շրջանակներում Երևան քաղաքի և մարզային փրկարարական ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել նաև օբյեկտային ուսումնավարժություններ խաղաղից ռազմական դրության անցման դեպքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը, առողջապահական հաստատությունների պատրաստվածության բարձրացմանը, երկրաշարժի դեպքում անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպմանն ուղղված թեմաներով:
Իրականացված միջոցառումները ներառել են ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաղադրիչներ՝ նպաստելով բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, պետական և տեղական կառույցների համագործակցության ամրապնդմանը և արտակարգ իրավիճակներին համակարգված ու արդյունավետ արձագանքման կարողությունների կատարելագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։