ՀՀ բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք չունի, խնդիր չունի: Մեր բանակի խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է: Սա է լեգիտիմության ռազմավարությունը բանակի դեպքում: Այդ մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս ռազմավարությունն այսօր արդեն՝ ընդամենը 2-3 տարվա ընթացքում, տվել է շատ կոնկրետ, աներևակայելի արդյունքներ: Օրինակ՝ նախկինում Հայաստանում զենքի և սպառազինության ձեռքբերման մեր շուկաները խիստ սահմանափակ էին, սահմանափակ էին ոչ միայն աշխարհագրությամբ, այլև հասանելիությամբ: Հիմա մեր շուկաները, ըստ էության, անսահմանափակ են»,- ասաց նա՝ տարընթերցման տեղ չտալու համար հավելելով, թե այնպես չէ, որ ՀՀ-ն բոլոր տեսակի սպառազինություններից ունենալու ձգտումներ ունի:
«Ինչո՞ւ են այդ սահմանափակումները վերացել: Լեգիտիմության ռազմավարության պատճառով: Որովհետև որևէ երկիր մեզ հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն սկսել-չսկսելու հարցը քննարկելիս չունի մտավախություն, որ այդ սպառազինությունը կարող է օգտագործվել ոչ լեգիտիմ նպատակներով: Որևէ մեկը չի կարող վիճարկել ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքը պաշտպանելու իրավունքը. դա անվիճարկելի է: Հնարավոր չէ դա վիճարկել»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ լեգիտիմության ռազմավարությունը տվել է կոնկրետ արդյունքներ. դա ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական համագործակցության շրջանակի ընդլայնումն է:
«Եթե քո անվտանգության ապահովման թիվ 1 գործիքը բանակն է, դա նշանակում է` չունես անվտանգություն,- ասաց նա և հավելեց.- Եթե մենք ուզում ենք, որ բանակը մեզ պաշտպանի, նախ մենք պիտի պաշտպանենք բանակին, եթե մենք ուզում ենք զինվորը պաշտպանի մեզ, մենք նախ զինվորին պիտի պաշտպանենք: Եվ այս անվտանգության 100 շերտը, որ գոյություն ունի բանակից առաջ, զինվորին և երկիրը պաշտպանելու համար է»: