ՀՀ անվտանգության սյուներից մեկը պետք է լինի լեգիտիմությունը: Այս ռազմավարությունն է, որ հնարավոր է դարձրել խաղաղությունը: Առանց այս ռազմավարության որդեգրման՝ խաղաղությունը պարզապես հնարավոր չէր լինի, եթե մենք, խաղաղություն ասելով, նկատի ունենք ինստիտուցիոնալ, տևական խաղաղությունը, որովհետև միայն չկրակելը դեռևս խաղաղություն չէ: Այդ մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ունեցել ենք ժամանակաշրջան, որ համարյա չեն կրակել, չնայած փաստորեն ստացվում է, որ այդպիսի տարի չենք ունեցել, որ սահմանին չունենանք զոհեր, վիրավորներ: Չե՛նք ունեցել այդպիսի տարի:
Հիմա լեգիտիմության մեր ռազմավարությունն ավելի է ամրապնդվել մի թերգնահատված փաստաթղթի բերումով, և այդ փաստաթուղթը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը ստորագրված և վավերացված է երկու երկրների համապատասխան ընթացակարգերով:
Փաստաթուղթն ինչո՞ւ է թերագնահատված, որովհետև այն Հայաստանի և Ադրբեջանի առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է, որը վավերացվել է երկու երկրներում և ունի իրավական ուժ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ դրանում ամրագրված է Ալմա Աթայի հռչակագիրը՝ որպես երկու երկրների սահմանազատման բազային սկզբունք:
«Մեր անվտանգության լեգիտիմության ռազմավարությունն ավելի է ամրապնդվել օգոստոսին 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումով և Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով,- ասաց նա և հավելեց.- Այս ամենը՝ առանձին վերցրած, սպոնտան գործողություններ չեն. սա 2022 թվականի սեպտեմբերին մեր որդեգրած ռազմավարությունների բերած արդյունքներն են»:
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։