Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 21։48-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Ա․ Մանուկյան փողոցի միջնամասում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ մոտ 50 քմ տարածքում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1 խմ), ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացրել են թափված քարերի հեռացման և ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ. երթևեկությունը երկկողմանի բացվել է։