ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Լիբանանի միջազգային բիզնես ասոցիացիաների ցանցի (L.I.B.A.N) և Web3 Armenia հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում կայացել է առաջին՝ Armenian Web 3 - CJN Accelerator ճանաչողական հանդիպումը։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել Հայաստանում ներդրումային միջավայրը և քննարկել Հայաստանը տարածաշրջանային «Web3» կենտրոնի վերածելու հնարավոր ուղիները։
Միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, որը նախարարության անունից ողջունել է մասնակիցներին՝ ընդգծելով հանդիպման կարևորությունը Հայաստանի տեխնոլոգիական զարգացման և միջազգային համագործակցության տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի ներդրումային միջավայրը և քննարկվել են երկրի հնարավորությունները: Քննարկումների առանցքում էին բլոկչեյնի կիրառման խթանումը, միջազգային ներդրողների ներգրավումը և համատեղ նախաձեռնությունների զարգացումը։
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Լիբանանի միջազգային գործարարների ասոցիացիաների ցանցի և CJN Accelerator-ի ներգրավվածությունը՝ կարևորելով նրանց փորձը և գլոբալ տեսլականը։

Մասնակիցներն ընդգծել են նման ձևաչափերի կարևորությունը՝ ոլորտային կապերն ամրապնդելու, նորարարությունը խթանելու և տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում երկարաժամկետ գործընկերություն ձևավորելու տեսանկյունից: