Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ հարցին՝ նշելով, որ այս պահին դա չի քննարկվում:
«Ռազմաբազայի դուրսբերման հարց այս պահին մեզ մոտ չի քննարկվում։ Նման խոսակցություններ մենք չենք ունեցել, որևիցե նոր բան դրա հետ կապված չեմ կարող ասել»,- ասաց ԱԺ նախագահը:
Ինչ վերաբերում է հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի շրջանակում արդյոք նախատեսվո՞ւմ է հանդիպում ՌԴ նախագահի հետ, Ա. Սիմոնյանն ասաց հետևյալը. «Կարծում եմ, որ երկրի ղեկավարը Մոսկվա չէր գնա, եթե նման հանդիպում նախատեսված չլիներ»:
Նա վստահեցրեց՝ Հայաստանը բոլոր երկրներին եղբայրական է վերաբերվում այնքան ժամանակ, մինչ այն պահը, որ նրանք ապացուցում են, որ նույն կերպ տրամադրված չեն:
«Չգիտեմ՝ արդյոք նրանք (Ռուսաստանը - խմբ.) մեր հանդեպ նույն կե՞րպ են տրամադրված: Ավելի շուտ կասկածներ ունեմ, որ այդքան էլ լավ տրամադրված չեն»,- խոսքը եզրափակեց Ալեն Սիմոնյանը: