Սեպտեմբերի 6-ին, Վանաձորում հանդիսավորությամբ բացվեց ամբողջությամբ վերանորոգված Վետերանների ակումբը։ Նոր շունչ ստացած կենտրոնը վերականգնվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի առաջարկով և բարերար Վրեժ Գրիգորյանի աջակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Վանաձորի համայնքապետարանից։
Վրեժ Գրիգորյանը «Veterans of Armenia» կազմակերպության հիմնադիրն է, որը ստեղծվել է ԱՄՆ-ում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ ի նպաստ հայ վետերանների և զինծառայողների։ Կազմակերպությունն իր առաքելությունն է համարում հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպաններին և աջակցել նրանց՝ սոցիալական, հոգեբանական և նյութական ծրագրերի միջոցով։ Վետերանների ակումբի նորոգման համար միջոցները անձնական ներդրման ու հանգանակությունների արդյունք են։
Վետերանների ակումբի բացման արարողությանը մասնակցել են համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, բարերար Վրեժ Գրիգորյանը, Վանաձորի վետերաններ, համայնքի բնակիչներ և հյուրեր։
Արկադի Փելեշյանը շնորհակալություն հայտնեց բարերարին՝ իր առաջարկին արձագանքելու և այն կյանքի կոչելու համար՝ նշելով, որ վերանորոգված ակումբը նոր հնարավորություն է վետերանների համար՝ ակտիվ հասարակական կյանք վարելու համար։
Բարերարն իր հերթին, ընդգծեց, որ վետերանների պատմությունն ու ծառայությունը պետք է մշտապես արժևորվի և սա փոքրիկ ներդրում է այն մեծ գործի դիմաց, որը վետերանները կատարել են մեր հայրենիքի համար։
Վերանորոգված ակումբը ծառայելու է որպես մշակութային, կրթական և հանգստի կենտրոն՝ վետերանների համար։