ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, Հնդկաստանի հետ հարաբերությունների վատթարացումը ժամանակավոր է։
«Անհանգստանալու կարիք չկա։ Նման պահեր երբեմն պատահում են: Ես միշտ կլինեմ վարչապետ Մոդիի ընկերը։ Պարզապես ինձ դուր չի գալիս այն, ինչ նա անում է հիմա»,- ասել է նա՝ Սպիտակ տանը պատասխանելով Հնդկաստանի մասին լրագրողի հարցին։
Թրամփը կրկին քննադատել է Նյու Դելիին Ռուսաստանից նավթ գնելու համար։ Ուրբաթ Truth Social սոցիալական ցանցում ԱՄՆ նախագահն ակնարկել է, որ Հնդկաստանը և Ռուսաստանը Չինաստանի ազդեցության ոլորտում են։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին արձագանքել է Թրամփի հայտարարությանը՝ ասելով, որ կիսում է ԱՄՆ նախագահի դրական գնահատականը Հնդկաստան-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ։
«Հնդկաստանը և ԱՄՆ-ը ունեն շատ լավ և խոստումնալից համապարփակ գլոբալ ռազմավարական գործընկերություն»,- գրել է Մոդին X-ի իր էջում։