Օրենքի նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածում նախատեսել պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հայցերով, եթե նախաքննության մարմինը, դատախազը կամ դատարանը հաստատել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով իրավունքի խախտման փաստը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նշվել է, որ նախագծով լրացուցիչ երաշխիք է նախատեսվում անձի արդար դատաքննության իրավունքի իրացման համար՝ հնարավորություն տալով հայց ներկայացնել՝ առանց հայց ներկայացնելու պահին վճարում կատարելու կաշկանդվածության:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է՝ ինչո՞ւ հետաձգում, և ոչ ազատում տուրքից՝ վերոնշյալ դեպքերում, ինչին ի պատասխան՝ փոխնախարարը պարզաբանել է, որ այդ հարցը քննարկվել է, սակայն նպատակահարմար է եղել պետական տուրքի հետաձգման հնարավորությունը:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին, այնուհետև, մինչ երկրորդ ընթերցում, անդրադառնալ բարձրացված հարցին:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգում: