Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բացման խոսքով է հանդես եկել ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կազմակերպած երրորդ ամենամյա միջազգային «Արբիտրաժային շաբաթ» միջոցառմանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ ՀՀ Կառավարությունը մեծ կարևորություն է տալիս վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացմանը։ Կառավարությունն ունի այն ընկալումը, որ ժամանակակից ներդրումային միջավայրը կառուցվում է ոչ միայն համարձակ գաղափարների և տնտեսական հնարավորությունների, այլև՝ վստահության վրա։ Այս ուղղությամբ առաջնորդությունը ստանձնել է Արդարադատության նախարարությունը, որը տարիներ շարունակ հետևողականորեն իրականացնում է ոլորտային բարեփոխումները։
Սրբուհի Գալյանի խոսքով՝ Հայաստանում կա տնտեսական աճի մեծ ներուժ, և պետական քաղաքականությունը հետևողականորեն պետք է ուղղված լինի վստահելի ու ներդրումներին նպաստող միջավայրի ձևավորմանը, որտեղ վեճերը չեն խոչընդոտում համագործակցությունը, այլ լուծվում են բարձր վստահության և պրոֆեսիոնալիզմի պայմաններում։
Խոսելով հաշտարարության ոլորտի օրենսդրական նորարարությունների մասին՝ նախարարը նշել է, որ ընտանեկան որոշ գործերով ներդրվել է պարտադիր հաշտարարություն, ինչպես նաև գործարկվել են առցանց հաշտարարության գործիքները, և արդեն իսկ գրանցված արդյունքները ոգևորիչ են:
Ամփոփելով ելույթը՝ Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ այս միջոցառումն ու առաջիկա օրերին նախատեսված քննարկումները դառնալու են նոր գաղափարների և նախաձեռնությունների հարթակ՝ օգտակար ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի և զարգացումների համար։