Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի իր գործընկեր Սի Ծինփինի հետ նեղ և ընդլայնված կազմերով: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, համաշխարհային և տարածաշրջանային օրակարգի հարցեր:
Պուտինը շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է պահպանել ռազմավարական փոխգործակցությունը և ընդլայնել համագործակցությունը Պեկինի հետ: Սի Ծինփինն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն անցել են տարբեր փորձություններ և միջպետական հարաբերությունների, բարեկամության ու փոխշահավետ գործակցության օրինակ են ծառայում:
Մինչ այս Պուտինը և Սի Ծինփինը եռակողմ հանդիպում էին ունեցել Մոնղոլիայի ղեկավարի հետ: Այս հանդիպումից հետո «Գազպրոմ»-ի ղեկավարը հայտնել է, որ ռուսական ընկերությունը Չինաստանի ազգային նավթային կորպորացիայի հետ նոր հուշագիր է ստորագրել «Սիբիրի ուժը-2» գազատարի և Մոնղոլիայի տարածքով «Սոյուզ Վոստոկ» տարանցիկ գազատարի կառուցման մասին: Ըստ նոր պայմանավորվածությունների՝ ռուսական գազի մատակարարումները կիրականացվեն 30 տարվա ընթացքում տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր ծավալով: