Սեպտեմբերի 9-14-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնը: Այն կրկին Հայաստան կբերի տարբեր երկրներից ժամանած առաջատար ճարտարապետական ստուդիաների։ Մասնավորապես, այս տարի դասախոսություններով և քննարկումներով հանդես կգան 10 միջազգային ստուդիաների ներկայացուցիչներ՝ OFFICE KGDVS-ը (Բրյուսել, Բելգիա), Neri&Hu-ն (Շանհայ, Չինաստան), Studio Muoto-ն (Փարիզ, Ֆրանսիա), NOMOS-ը (Ժնև, Շվեյցարիա / Լիսաբոն, Պորտուգալիա / Մադրիդ, Իսպանիա), DF_DC-ն (Լոնդոն, Անգլիա), Förstberg Ling-ը (Մալմո, Շվեդիա), Anna & Eugeni Bach-ը (Բարսելոնա, Իսպանիա), PIOVENEFABI-ն (Միլան, Իտալիա / Բրյուսել, Բելգիա), Langarita Navarro Architects-ը (Մադրիդ, Իսպանիա) և DRDH ստուդիան (Լոնդոն, Անգլիա)։
Փառատոնային միջոցառումները կանցկացվեն Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, Առնո Բաբաջանյան համերգասրահում, Woods կենտրոնում և այլ վայրերում։
«Անցյալ տարվա փառատոնը մեզ ցույց տվեց, որ «Նպատակ»-ը դարձել է այն բացառիկ միջավայրը, որտեղ տարբեր մշակույթներից և աշխարհագրական կետերից եկող ճարտարապետները ոչ միայն կիսվում են իրենց փորձով, այլև միասին ստեղծում են նոր գաղափարներ։ Մեր նախորդ փորձը մեծ հաջողությամբ անցավ՝ ներգրավելով հարյուրավոր մասնակիցների և ձևավորելով կենդանի երկխոսություն միջազգային ստուդիաների և Հայաստանի ճարտարապետական համայնքի միջև։ Այս հաջողության վրա հիմնվելով՝ մենք այսօր առավել վստահ ենք, որ «Նպատակ»-ը կարող է դառնալ կայուն հարթակ, որը միավորում է կրթությունը, փորձի փոխանակումը և նորարարական մոտեցումները։ Մենք հավատում ենք, որ մեր նախաձեռնությունը ոչ միայն նպաստում է ճարտարապետական կրթության զարգացմանը, այլև օգնում է հայ երիտասարդ ճարտարապետներին գտնել իրենց տեղը միջազգային հարթակներում և բարձրացնել հայկական ճարտարապետության մրցունակությունը համաշխարհային համատեքստում։ «Նպատակ»-ի ուժը հենց այդ կամուրջ կառուցելու կարողության մեջ է՝ Հայաստանի և աշխարհի առաջատար ստուդիաների միջև»,- նշում են «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնի հիմնադիրները։
«Նպատակ» կրթական նախաձեռնությունը ստեղծվել է 2021 թվականին մի խումբ ճարտարապետների կողմից։ «Նպատակ»-ի հիմնադիրներներն են Հայկ Շահինյանը, Կարեն Բերբերյանը, Արմեն Հակոբյանը և Արինե Քեշիշին: Այն հարթակ է, որի նպատակն է զարգացնել ճարտարապետական կրթությունը և խթանել հայկական ճարտարապետության, երիտասարդ տաղանդների միջազգային տեսանելիությունն ու մրցունակությունը։
Ընդամենը մի քանի տարվա ընթացքում փառատոնը հասցրել է ոչ միայն ձևավորել իր ուրույն դեմքն ու ինքնությունը, այլև հաստատվել որպես իր մակարդակով և մասշտաբով համադրելի միջազգային առաջատար միջոցառումներից մեկը։ Այն այսօր արդեն հանդիսանում է հարթակ, որտեղ հանդիպում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած հեղինակավոր ճարտարապետներ, փորձագետներ ու ստեղծագործական թիմեր՝ ներկայացնելու իրենց գաղափարները և մասնակցելու մասնագիտական ու մշակութային երկխոսության։
Փառատոնի հաջողության լավագույն վկայությունն է միջազգային ճարտարապետական համայնքի աննախադեպ հետաքրքրությունն ու ակտիվ մասնակցությունը, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ այն կայուն տեղ է զբաղեցնում համաշխարհային օրակարգում և ունի մեծ ներուժ՝ դառնալու տարածաշրջանի կարևորագույն մասնագիտական կենտրոններից մեկը։