Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հանդիպել է Ֆրանսիայի դեսպանատան համագործակցության, կրթության և մշակութային գործունեության հարցերով ներկայացուցիչ Դոմինիկ Վայսին։ Այդ մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Տիկին Վայսը մարզպետին է ներկայացրել Մարիա Ժերարին, ով առաջիկա ուսումնական տարում որպես կամավոր լինելու է Շիրակի մարզում։ Ֆրանսիայի դեսպանության հովանու ներքո Գյումրիում բնակություն հաստատած Մարիան աշխատանքներ է տանելու՝ ֆրանկոֆոնիայի զարգացման և տարածման նպատակով։
«Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունը տասնամյակների պատմություն ունի և հարաբերությունների ամրապնդմանը միտված ամենափոքր նախաձեռնությունն անգամ, մեզ համար ողջունելի է։
Կարծում եմ՝ կարիք կա երիտասարդ սերնդին ավելի շատ ծանոթացնել ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքներին և ֆրանսերեն լեզվով հաղորդակցվելու առավելություններին, ինչպես նաև մեկ անգամ ևս ներկայացնել Հայաստանի և ֆրանկոֆոն երկրների միջև սերտ կապը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է աջակցել ու սատար կանգնել երիտասարդ կամավորին, քանզի ֆրանսերենն ու Ֆրանսիայի մշակութային արժեքները մեզ հարազատ են»,- նշել է Շիրակի մարզպետը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել մարզի բուհերում և Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության դպրոցներում ֆրանսերենի դասավանդմանը, մշակութային համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցերի։