Ռիելթորական գործունեության զարգացման և կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել ու ներդնել իրավակարգավորումներ, որոնց օգնությամբ կներդրվի պետական միասնական քաղաքականություն:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 2-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ռիելթորական գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հարցը ներկայացրել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է ռիելթորական գործունեության ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանը, ստվերից դուրս գալուն և պետական բյուջե մուտքերի ավելացմանը, անշարժ գույքի ոլորտում տեղեկատվության ու ծառայությունների թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկատվական բազայի ձևավորմանն ու զարգացմանը: Առաջարկվող կարգավորումներով կներդրվի նաև ոլորտի մասնագետների, անշարժ գույքի սուբյեկտների ու սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմ:
Հիմնական զեկուցողի ներկայացմամբ մշակվելու և ներդրվելու է Միասնական տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կտա վերահսկել Հայաստանում անշարժ գույքի հետ կապված բոլոր գործարքների շարժը՝ ապահովելով նաև անշարժ գույքի վաճառքի հայտարարություններ տեղադրող կայքերի հետ փոխգործելիությունը՝ այդ կայքերի համար կսահմանվեն համապատասխան որոշակի չափորոշիչներ:
Մանրամասն ներկայացնելով օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվող բոլոր կարգավորումները՝ Սուրեն Թովմասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կարևորել է նախագծերի փաթեթը՝ ընդգծելով, որ այն ուղղված է անշարժ գույք գնողների շահերի պաշտպանությանը:
Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: