««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո Կադաստրի կոմիտե ներկայացված և կազմված բոլոր փաստաթղթերը պահել միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործում:
Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 2-ի նիստում՝ ներկայացնելով վերոնշյալ օրենքի նախագիծը:
Բանախոսն ընդգծել է, որ օրինագծի ընդունման դեպքում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալների մեծացմանը զուգահեռ, կկրճատվի թղթային արխիվների անհրաժեշտությունը:
Ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում, համաձայն որի՝ անշարժ գույքի պետական ռեգիստր դիմելու համար որպես առաջնային և հիմնական տարբերակ դիտարկվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգը, իսկ սպասարկման գրասենյակ այցելելը՝ որպես բացառություն օրենքով հստակ սահմանված դեպքերի համար: Սահմանվում է նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կադաստրի կոմիտեի թղթային տարբերակով ներկայացման և դրանք էլեկտրոնային տարբերակի վերածվելու կարգը:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: