Հանրապետության տարածքում առկա կամրջային կառուցվածքների վերակառուցման/նորոգման, անվտանգ շահագործման, հնարավոր ռիսկերի նվազեցման և դրանց հետևանքների կանխարգելման նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:
Ըստ այդմ՝ նախատեսվում է մետաղական կամրջային կառուցվածքի բազմակի օգտագործման օրինակելի նախագծի ձեռքբերում, պետական և համայնքային պատվիրատուների կողմից օրինակելի նախագծի կիրառում և տեղակապում ըստ բնակավայրի: Որոշմամբ նախատեսվում է նաև հանրակրթական նշանակության օբյեկտների շահագործման և սպասարկման ուղեցույցի ձեռքբերում:
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ տարածքում առկա են երկաթուղային թվով 605 և ավտոճանապարհային թվով 1061 կամրջային կառուցվածքներ։ Դրանց գերակշռող մասը կառուցվել է մինչև 1988 թվականը: Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման և սեյսմիկ ազդեցությունների ուժգնության մակարդակի բարձրացման արդյունքում դրանք այլևս չեն բավարարում սեյսմակայուն շինարարության գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին: Որոշմամբ սահմանվել են վերը նշված կամրջային կառուցվածքների վերակառուցման (հիմնանորոգման) սկզբունքները այդ ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացման քայլերը և առաջնահերթության չափանիշները: Դրանք նախատեսվում է իրականացնել սկսած 2026 թվականից, և դա լինելու է շարունակական։
Կամրջային կառույցը նախատեսվում է իրականացնել պողպատե թռիչքային կառուցվածքով։ Այն պետք է ունենա մեկ երթևեկելի գոտի և մինչև 42մ թռիչք։ Թռիչքային կառուցվածքների վրա պետք է նախատեսվեն մայթեր (0,75 մ կամ 1մ լայնությամբ)։ Կամրջային կառույցի նախագծային փաստաթղթերը նախատեսվում է մշակել բազմակի օգտագործման նպատակով՝ արտակարգ իրավիճակների ժամանակ կիրառման համար։ Դրանք պետք է մշակվեն Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում Դեբեդ գետի վրա տեղադրված ժամանակավոր մետաղական կամրջային կառուցվածքի օրինակով։