ՀԷՑ-ի գործով որևէ մեկը որևէ տեղ ՀՀ-ին չի կարող հաղթել, այդ թեման վաղուց ավարտված թեմա է, և ՀԷՑ-ը պետք է ծառայի ՀՀ ժողովրդին: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 28-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք Կառավարությունը պատրաստվո՞ւմ է իրականացնել ՀԷՑ-ի գործով ՀՀ Կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային դատարանի որոշումը:
«Չի կարող, դա բացառված սցենար է, որ որևէ սցենարով ՀԷՑ-ը շարունակի չծառայել ՀՀ ժողովրդին»,- հավելեց Փաշինյանը:
Մեկ այլ լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ կառավարությունը դիրքորոշում է հայտնել, որ կատարելու է արբիտրաժային դատարանի որոշումը, Փաշինյանն արձագանքեց. «Ո՞վ է հայտնել դիրքորոշումը: Ով հայտնել է, թող դիմում գրի, գնա: Բացարձակապես նման դիրքորոշում չի կարող լինել: Կառավարությունը ես եմ: Չի կարող Կառավարությունում որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Ընդհանրապես, եթե Կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող դիմում գրեն, դուրս գան, եթե՝ ոչ, ես ինքս նրանց կհանեմ... Արբիտրաժային դատարանում մենք հաղթել ենք և մեր դիրքորոշումները պնդել ենք»:
Հիշեցենք, որ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդից հայտնել էին, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են ՀԷՑ-ի գործով Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքել էր ՀԷՑ-ի մասին Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի որոշմանը, որում նշվում է. «Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին՝ միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերն ու ընթացակարգերը»:
Միաժամանակ, Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը մերժել էր Սամվել Կարապետյանին ազատ արձակելու մասին հայցը։