Ես Ղարաբաղյան շարժմանը մասնակցել եմ 7-րդ դասարանից և ԱԺ ամբիոնից ասել եմ, որ իմ՝ որպես վարչապետի փորձառության և վերլուծության հետևությունն այն է, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը: Ես այդ հայտարարությունն արել եմ 2025 թվականի մարտին, հետո հայտարարել եմ, որ ես այդ ուղեգծով եմ առաջնորդելու ՀՀ-ն, և եթե ՀՀ քաղաքացիները համարում են, որ այսպես չպետք է լինի, ես ինքս քաղաքացիներին կոչ եմ անում հեղափոխություն անել: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ենթադրում եմ, որ աշխարհի և պատմության առաջին ու միակ վարչապետն եմ, որ սեփական երկրի, իր երկրի, իր քաղաքացիության երկրի քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն անել այն պարագայում, երբ համաձայն չէ քաղաքացին հռչակված ռազմավարության հետ: Երկրորդ դեպք ես չգիտեմ: Իհարկե, ես պատմության փորձագետ չեմ, բայց գրեթե վստահ եմ, որ երկրորդ այդպիսի դեպք չեք գտնի:
Փաստն այն է, որ մեր քաղաքացիները չարեցին այդ հեղափոխությունը, որովհետև ինձ նման հասկացան, որ առանց այդ որոշումը կայացնելու խաղաղությունը ո՛չ գործնականում, ո՛չ տեսականորեն հնարավոր չէ, և հասկացան, որ այն դրույթը, որ ես առաջ եմ քաշել, ցավոք, երկար ժամանակ և գուցե ի սկզբանե, ի տարբերություն մեզ, Ղարաբաղյան շարժման այլոց ընկալումը այլ է եղել: Նրանք ընկալել են, որ դա շատ հարմար լծակ է, որպեսզի օգտագործվի՝ Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, բարեկեցությունը չկայանա, բայց պետք է խոստովանեմ, որ այդ լծակը արդյունավետ օգտագործվել է:
Հիմա եկել է խաղաղության ժամանակաշրջանը, և թույլ տվեք ասել, որ ՀՀ քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել խաղաղության հաստատման փաստը, և դա հաստատող բազմաթիվ տվյալներ կան, և ինչպես տեսնում եք, դա հերքող ոչ մի փաստ չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ ամենօրյա աշխատանք են կատարում, կատարել են և կատարելու խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու ուղղությամբ: