Սպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ եվրոպացի երկրների առաջնորդները նույնպես կմասնակցեն Թրամփ-Զելենսկի հանդիպմանը՝ նպատակ ունենալով պաշտպանել Ուկրաինայի շահերը:
Թրամփը և Զելենսկին նախ երկկողմ հանդիպում կունենան, որից հետո նրանց կմիանան Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի ղեկավարները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները «3+3» ձևաչափով Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների ավարտից հետո համատեղ հակիրճ մամուլի ասուլիս են անցկացրել Ալյասկայում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն էր։
Պուտինը բանակցություններն արդյունավետ է անվանել։ Նա կրկին խոսել էր ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների և այն մասին, որ դրանք պետք է վերացնել հակամարտությունն ավարտելու համար։ Իր հերթին Թրամփը նշել էր, որ կողմերը չեն կարողացել լիարժեք փոխըմբռնման հասնել, և գործարք դեռ չկա: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հանդիպումն անվանել էր «շատ արդյունավետ» և նշել, որ Վաշինգտոնին և Մոսկվային հաջողվել է համաձայնեցնել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ շատ կետեր: ԱՄՆ նախագահի խոսքով՝ այժմ երկրները «լավ հնարավորություն ունեն խաղաղ կարգավորման հասնելու համար»: