«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ օրերս Իջևանում անցկացվել է երիտասարդական ֆորում, որի հիմնական նպատակն էր ներկայացնել երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև ստեղծել քննարկումների հարթակ՝ երիտասարդների կարիքներն ու առաջարկները լսելու համար։
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ, ինչպես նաև երիտասարդական ՀԿ-ների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ։
Ֆորումի ընթացքում քննարկվել են երիտասարդության զարգացմանն առնչվող հարցեր՝ սկսած քաղաքացիական կրթությունից և համայնքային ներգրավվածության հնարավորություններից մինչև պետական և տեղական մակարդակներում երիտասարդական քաղաքականության իրականացում։ Մասնակիցներին ներկայացվել են «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի հիմնական դրույթները, ընդգծվել է պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և համայնքների համագործակցության կարևորությունը։
Զարա Ասլանյանը, Երիտասարդության միջազգային օրվա (օգոստոսի 12) կապակցությամբ շնորհավորելով ներկաներին, կարևորել է ֆորումը որպես երիտասարդների խնդիրների, առաջարկությունների և նախաձեռնությունների բարձրաձայնման արդյունավետ հարթակ։ Նա նշել է, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» նոր օրենքը մշակվել է հանրային լայն մասնակցային գործընթացի միջոցով՝ ներգրավելով երիտասարդական կառույցների, միջազգային կազմակերպությունների և անկախ փորձագետների։
Զարա Ասլանյանը նաև տեղեկացրել է, որ օրենքի ընդունումից հետո Կառավարությունը հաստատել է դրա կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագիրը։ Դրա կարևոր բաղադրիչներից են երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգի և որակավորման չափանիշների մշակումն, ինչպես նաև երիտասարդական աշխատանքի մեթոդաբանության ստեղծումը։ Այս նպատակով ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է միջազգային փորձը, պատրաստելու է համապատասխան առաջարկություններ, իրականացնելու է երիտասարդական աշխատանք կատարող կառույցների քարտեզագրում և գործառույթների վերլուծություն։ Նախատեսվում են նաև թեմատիկ քննարկումներ և խորհրդակցություններ շահագրգիռ կողմերի ու շահառուների մասնակցությամբ։
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը ողջույնի խոսքում կարևորել է նմանօրինակ հանդիպումները՝ ընդգծելով դրանց նշանակությունը երիտասարդների քաղաքացիական գիտակցության բարձրացման և համայնքային կյանքի ակտիվացման գործում։
Ֆորումը եզրափակվել է հարցուպատասխանի և բաց քննարկումների ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել երիտասարդներին անմիջականորեն ներկայացնել իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ ուղղված ՀՀ-ում երիտասարդական քաղաքականության շարունակական բարելավմանը։