Այսօր շատ կարևոր և պատմական օր է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Խաղաղությունը իրականություն է, և մենք դա պետք է արձանագրենք»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ ամենակարևոր բանը, որ խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը, խաղաղության բացակայությունն է։
«Վստահ եմ, որ բոլոր այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են Սպիտակ տան, նպաստելու են բացառապես Հայաստանի և տարաշածրջանի զարգացմանը, առաջին հերթին՝ Հայաստանի զարգացմանը։
Այն շրջափակումը, որ ունեցել ենք տարիներ շարունակ, մեզ թույլ չի տվել ըստ հավուր պատշաճի զարգացնել տնտեսության բոլոր ոլորտները։
Վստահ եմ, որ շաբաթներ հետո լուրջ արձագանքներ ենք ունենալու այս ուղղությամբ»,- ասաց Հարությունյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։ Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ
նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։