Սթիվ Ուիթքոֆը չափազանց արդյունավետ հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփի խոսքով՝ բանակցությունների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել։
«Դրա մասին ես տեղեկացրել եմ մեր եվրոպացի դաշնակիցներից մի քանիսին։ Բոլորը միակարծիք են, որ այս պատերազմը պետք է ավարտվի, և մենք դրա համար ջանքեր կգործադրենք առաջիկա օրերին և շաբաթներին։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար»,- նշել է Թրամփը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնն ավելի մոտ է Ուկրաինայում հակամարտության ավարտին, քան նախկինում։ Դիվանագետը հավելել է, որ դեռ պարզ չէ՝ հաջորդ շաբաթ կկայանա՞ արդյոք Թրամփ-Պուտին հանդիպումը։ Թրամփն առաջիկա մի քանի օրվա ընթացքում, ըստ Ռուբիոյի, կարող է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ, սակայն զանգը դեռ ծրագրված չէ:
Պետքարտուղարը նշել է նաև, որ Թրամփն առաջիկա 2-3 օրվա ընթացքում որոշում կկայացնի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին։