Կառավարությունը օգոստոսի 7-ի նիստին ընդունեց «Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին կից տարածքում գտնվող 1,7730 հա մակերեսով հողամասն ամրացնել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
«Գույքը ՀՀ սեփականությունն է դարձել գլխավոր դատախազարության հայցի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի կայացրած որոշումով, որով անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի և քաղաքացու միջև՝ դեռևս 2005 թվականին կնքված պայմանագիրը»,- ասաց զեկուցող, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասնեց. «Հողատարածքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2 մլն 686 հազար դոլարին համարաժեք դրամ է՝ 1 մլդ 44 մլն դրամ: Սա Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող 5-րդ հողամասն է, որի նկատմամբ գլխավոր դատախազության՝ դատարան ներկայացված հայցի բավարարման արդյունքում գրանցվում է ՀՀ սեփականության իրավունք»,- ասաց Աննա Վարդապետյանը, ապա ներկայացրեց ՀՀ սեփականություն դարձած ևս 4 հողատարածքների մասին տեղեկատվություն:
Ըստ գլխավոր դատախազի՝ միայն Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում ՀՀ գլխավոր դատախազության հայցերի բավարարման արդյունքում մինչև այս պահը ՀՀ-ին է վերադարձվել շուրջ 7 հա հողատարածք, որի շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը 3 մլրդ դրամ կամ մոտ 7,8 դոլար է:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ գույքը բռնագանձվե՞լ է, թե՞ այլ գործընթաց է տեղի ունեցել, Աննա Վարդապետյանը մանրամասնեց՝ սրանք քրեական վարույթներով անցնող գործեր են:
«Կեղծիքների և խարդախությունների վերաբերյալ վարույթներ են: Գործընթացն ի սկզբանե ապօրինի է եղել»,- ասաց նա:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տարօրինակ որակեց այն, որ Երևանում հնարավոր է կեղծ գործարքներով հեկտարներով հողի օտարկում իրականացնել, ապա նկատեց, որ եթե ՀՀ գլխավոր դատախազությունն այդ հարցով չզբաղվեր, հանգամանքները չէին բացահայտվելու:
«Լուրջ հարց է լուծվել: Կարծում եմ՝ ձևակերպումների հետ կապված պիտի տեմպ տանք, որպեսզի բերենք իդեալական կարգավիճակի, այդ թվում՝ նպատակային օգտագործման նշանակության ձևակերպումները»,- ասաց նա:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազն առաջարկում է Երևանի հեռուստաաշտարակին կից՝ պետությանը վերադարձված տարածքներում անտառ հիմնել: