Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկները և նրա գործընկերները Եվրոպական Միության մյուս երկրներից, որոնք մասնակցում էին Շվեյցարիայում անցկացվող խորհրդարանների խոսնակների համաշխարհային համաժողովին, Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ելույթի ժամանակ լքել են դահլիճը՝ որպես բողոքի նշան՝ հայտնում է DW-ն։
Մատվիենկոն, որն Ուկրաինայում պատերազմի պատճառով հայտնվել է Արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցների ցուցակում, ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում կայացած ընդհանուր քննարկման ժամանակ։ Այդ պահին Կլյոկներն իր եվրոպացի գործընկերների հետ «ցուցադրաբար լքել է սենյակը»։
Գերմանիայի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Գերմանիան շարունակում է ամուր կանգնել Ուկրաինայի կողքին: «Մենք ուշադրություն չենք դարձնում ռուսական պատվիրակության ցինիկ փորձերին՝ խեղաթյուրելու պատմությունը և մեղքը հանցագործներից զոհերի վրա տեղափոխելու։ Ուժեղի իրավունքը չպետք է գերակշռի»,- ասել է Կլյոկները։
Հուլիսի 29-31-ը Ժնևում տեղի է ունենում Միջխորհրդարանական միության կազմակերպած՝ Խորհրդարանների խոսնակների համաշխարհային համաժողովը։ Մատվիենկոյից բացի՝ ռուսական պատվիրակության կազմում են Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը և Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
Ինչպես նշված է Ռուսաստանի Դաշնության Դաշնության խորհրդի կայքում, հուլիսի 30-ին կայացած միջոցառման ժամանակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ «բոլոր ներկայիս հակամարտությունները, այդ թվում՝ ուկրաինականը, հնարավոր է լուծել միայն այն դեպքում, եթե վերացվեն դրանց արմատական պատճառները»։ Նա նաև պնդել է, որ չկան «մարդասիրական միջամտություններ», այլ կան «ագրեսիաներ», որոնք հանգեցնում են «աղետի, այլ ոչ թե ժողովրդավարության»։