Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Լոնդոնը մտադիր է ճանաչել Պաղեստին Պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, եթե «Իսրայելի կառավարությունը նշանակալի քայլեր չձեռնարկի Գազայում սարսափելի իրավիճակին վերջ տալու համար»։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Սթարմերը պարզաբանել է, որ Իսրայելը պետք է համաձայնի հրադադարին և պարտավորվի աշխատել կայուն խաղաղ գործընթացի վրա՝ ակտիվացնելով «երկու պետություն երկու ժողովուրդի համար» հեռանկարը:
Բացի դրանից՝ Իսրայելը պետք է թույլ տա ՄԱԿ-ին՝ մարդասիրական օգնություն տրամադրել պաղեստինցիներին և զերծ մնա Արևմտյան ափի տարածքների անեքսիայից։
Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի մնացած պատանդներին, համաձայնի հրադադարին, վայր դնի զենքերը և ընդունի, որ խմբավորումը որևէ դեր չի ունենալու Գազայի հատվածի կառավարման գործում։
Սթարմերի գրասենյակը հայտնել է, որ «պաղեստինյան պետության ճանաչումը չի փոխի իրավիճակը տեղում»։ Այդ պատճառով Մեծ Բրիտանիան մտադիր է Հորդանանի հետ համատեղ օդով հումանիտար բեռներ հասցնել Գազայի հատված, ինչպես նաև բրիտանական հիվանդանոցներ տեղափոխել վիրավոր պաղեստինցի երեխաներին։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ողջունել է Մեծ Բրիտանիայի որոշումը Պաղեստին Պետության ճանաչման հարցում:
Եթե Մեծ Բրիտանիան նման որոշում կայացնի, նա կդառնա երկրորդ արևմտյան տերությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Ֆրանսիայից հետո: Դա արտացոլում է Իսրայելի խորացող մեկուսացումը՝ կապված Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ նրա գործողությունների հետ, ինչի հետևանքով հումանիտար աղետ է բռնկվել, և պաղեստինցիների զոհերի թիվը գերազանցել է 60000-ը, գրում է Reuters-ը: