ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Գյումրու շատրվանների «երգ»-ին։
«Вор должен сидеть в тюрьме а не фонтанами баловаться»,- գրել է նա։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ևս արձագանքել է շատրվանների «երգին»՝ նշելով․
«Գյումրիի քաղաքային իշխանությունը «օդից» շատրվան է ստացել և հիմա չգիտի դրա հետ ոնց վարվի ու ժողովրդական «չի տեսել պատից կախ, տեսել է ճակտից կախ» վիճակում է հայտնվել: Խորհուրդ կտամ չփորձել այլևս այսօրվա խայտառակությունը` քրեական ենթամշակույթ գովերգող երգով ևս մեկ անգամ շատրվան միացնել: Հայաստանը պետություն է ու դուք ամեն օր պետք է զգաք պետության համը ձեր բերանում»:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ նշել է․
«Գյումրիի երգող շատրվանները կառուցվել են Կառավարության միջոցներով՝ «Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում՝ դառնալով Գյումրի զբոսաշրջային կլաստերի առանցքային մասը։ Վարդանիկին ու իր շրջապատին կարծես թե պետք է հիշեցնել, որ իրենք մի ՊԵՏՈՒԹՅԱՆ մեջ են ապրում, որտեղ քրեական բարքերը քրեորեն պատժելի են»:
Խնդրին անդրադարձել է նաև Շիրակի մարզպետը:
«Առաջին հայացքից նույնիսկ հավատալն է բարդ, որ սա կատարվում է մեր քաղաքում: Այն քաղաքում, որը մշակույթի ստեղծման հզոր հարթակ է, որի հանրահռչակման, զբոսաշրջային ներուժը իրապես գործի դնելու համար տարիներ շարունակ աշխատել ենք ու փորձել մաքրել ամեն տեսակ արատավոր երևույթից:
Խիստ դատապարտում եմ այս մոտեցումը, ուզում եմ հիշեցնել, որ Գյումրին այլևս ուրիշ շնչով ու ուրիշ տեսակ քաղաք է: Վերջին տարիներին այն դարձել է տարածաշրջանի ամենագրավիչ կետերից մեկը, և հիմա, դուք անկարող եք այն սարքել ձեր պատկերացումներին ու ձեր մտածելակերպին հարմար, գուցե դա իրապես բարդ է թվում, բայց այլ ելք չունեք: Կրկնում եմ` այդ ժամանակները հետ բերել դուք անկարող եք:
Եվ ուրեմն, վերանայեք պատանեկան արկածախնդրությունը, և ձեր ռեպերտուարը պահեք ձեզ` հարմարվելով քաղաքի նոր դեմքին:
Տղե´ք, ըսիգ տուն-քաղաք է, ոչ թե` տուն-գաղութ»,- գրել է նա:
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Գյումրու շատրվանները քրեական ենթամշակույթը գովերգող երգ են հնչեցրել։