Ինքնիշխանության կորստի մտավախությունից մինչև խարդավանքներ. տարածաշրջանի ճանապարհները ապաշրջափակելու ամերիկյան առաջարկների շուրջ քննարկումներն այս շաբաթ էլ չդադարեցին: Մասնագետները վստահ են. ամերիկյան ընկերության հնարավոր ներկայությունը սահմանին տնտեսական մրցակցությունից զատ կբերի քաղաքական կայունություն և անվտանգության բարձրացում: Մտավախություններին ի պատասխան ընդգծվում է՝ եթե անգամ ամերիկյան առաջարկը կյանքի կոչվի՝ Հայաստանը ոչ թե հողն է վարձակալությամբ տալու, այլ բեռնափոխադրման գործառույթը: Հիշեցնում են՝ Հայաստանի վարչապետը վերջին ասուլիսում վստահեցրեց՝ բոլոր առաջարկները քննարկում են Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության շրջանակում:
Զուգահեռ Ադրբեջանի նախագահը շարունակում է սեփական բառախաղը, որը, ըստ մասնագետների, ավելի շատ ժամանակ ձգելու է նման: Ի տարբերություն Ալիևի՝ ավելի մեղմ է Թուրքիայի հռետորաբանությունը, ինչն էլ կապված է տնտեսական շահագրգռության հետ: Տնտեսական շահ Հայաստանն էլ ունի. հաղորդուղիների ապաշրջափակումը միայն Մեղրիով անցնող ճանապարհը չէ, հիշեցնում է ֆինանսների նախկին նախարարը, ոչ պակաս կարևոր համարում Մարգարայի ճանապարհը, երկաթգծի բացումը դեպի Կարս:
«Ֆորբս»-ը, օրինակ, ուսումնասիրել և պարզել է, որ ճանապարհի գործարկումը կկրճատի Եվրոպայի և Ասիայի միջև բեռների փոխադրման ժամկետները, ինչը կհանգեցնի լոգիստիկ ծախսերի խնայողության:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան