ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀԷՑ-ի հետ կապված Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշմանը:
Ըստ նախարարի՝ ՀԷՑ-ի հետ կապված՝ վեճի պարագայում գործում է երկկողմ ներդրումային պայմանագիրը, որի հետ կապված վեճերի պարագայում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում:
«Կողմը իրավունք և լիարժեք հնարավորություն ունի դիմելու ՀՀ ներպետական դատարանին, որպեսզի դատարանը ճանաչի նախ արբիտրի որոշումը, հետո դառնա պարտադիր կատարման ենթակա: Ներպետական օրենսդրությամբ կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին»,- ասաց Գալյանը:
Նախարարը նշեց, որ ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է այլ նպատակ, քան նկարագրվում է մյուս կողմի դիմումում:
«Նպատակ է հետապնդել խուսափել հնարավոր ճգնաժամից, որը մեզ իրականում սպառնում էր»,- ասաց նախարարը:
Սրբուհի Գալյանի խոսքով՝ ՀՀ-ն առաջնորդվում է ներպետական օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով. «Որևէ խախտում ո՛չ օրենսդրության, ո՛չ միջազգային կոնվենցիայի թույլ չի տրվում»:
Անդրադառնալով Միջազգային տրիբունալի համապատասխան որոշմանը՝ Գալյանն ասաց. «Մենք համբերատար կսպասենք վեճի ըստ էության քննությանը, Կառավարությունը կներկայացնի իր փաստարկները, և կտեսնենք՝ երբ միջազգային արբիտրը արդեն անդրադառնա վեճի բովանդակությանը, ինչ արձագանք կտա, այդ առումով կներկայացնենք հնարավոր ռիսկերը»:
Հարցին՝ արդյոք արբիտրաժի միջանկյալ որոշումը պարտադրո՞ւմ է, որ Ռոմանոս Պետրոսյանի լիազորությունները դադարեցվեն ՀԷՑ-ում, նախարարն ասաց.
«Ոչ, որովհետև դա պետք է դառնա պարտադիր կատարման ենթակա, եթե չի կատարվում: Կատարման ենթակա կարող է դառնալ միայն ներպետական դատարանի որոշման հիման վրա: Կողմը կարող է դիմել մեր ներպետական դատարանին, որպեսզի կայացվի այդ որոշումը հարկադրաբար կատարելու վերաբերյալ որոշում: Քանի դեռ դա չի իրականացվել, որևէ հետևանք ունենալ չի կարող»:
Ավելի վաղ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդից հայտնել էին, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են ՀԷՑ-ի գործով Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։
ՀՀ կառավարությունը «Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025 թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ
հայտնել էր, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը:
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը
հայտնել էր, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը իրավասու չէ գնահատել արբիտրաժային վեճի արդյունքում 2025 թվականի հուլիսի 22-ին ընդունված ակտով նախատեսված ապահովման միջոցների կիրառելիության հարցը, հաշվի առնելով, որ օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով: