Երբևէ չի հայտարարվել, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու համապետական ընտրություններից առաջ, միշտ նշել եմ, որ պետք է ամեն ինչ անենք և աշխատենք այն ուղղությամբ, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Բազմիցս անդրադարձել եմ այն հարցին, թե երբ են սկսվել աշխատանքները նոր Սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների աշխատանքների հետ կապված: Պատմության էջերը թերթելով՝ հանրությունը ևս համոզվել է, որ դա տեղի է ունեցել (2018 թվականի - խմբ.) հեղափոխությունից անմիջապես հետո։ Ճիշտ չէ այդ գործընթացը կապել որևէ արտաքին գործոնի հետ։ Դա մեր ներքին հարցն է։ Մեր ժողովուրդը կորոշի՝ ուզո՞ւմ է ունենալ նոր Սահմանադրություն, թե՞ ոչ»,- ասաց նախարարը։