Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, նախարարության և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ եղել են Անի համայնքում։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:
Աշխատանքային շրջայցի մեկնարկը տրվել է Լանջիկ բնակավայրից։ Պատասխանատուներն այցելել են այստեղ գործող «Լանջիկի հարսներ» կարի դպրոց-արտադրամաս, որն այժմ ունի 8 աշխատակից, և թիվը նախատեսում են մեծացնել, մարզպետն ու նախարարը շրջել և ծանոթացել են արտադրամասի գործունեությանը, ընթացիկ աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ, արձանագրել բարձրացված հարցերն ու քննարկել դրանց լուծման ուղիները։ Արտադրամասը հիմնվել է LEAD4Shirak ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ։
Այնուհետև Գևորգ Պապոյանն ու Դավիթ Առուշանյանը եղել են Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայում՝ «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ում, որին պատկանում է 12 հա տարածք, այստեղ գործում են երկու առանձին արտադրական ձեռնարկություններ՝ «Արթիկի ՓՀԿ»-ն, որն ունի 45 աշխատակից, զբաղվում է բամբակից թելերի արտադրությամբ և «ՍՎԵՏ-ՏԵՔՍ» ՍՊԸ-ն, որն ունի շուրջ 1000 աշխատակից, զբաղվում է մանկական հագուստի արտադրությամբ։
Նշենք, որ «Արթիկի ՓՀԿ»-ն գործունեություն է ծավալում ոչ որպես դասական թելերի արտադրությամբ զբաղվող կառույց, այլ հիմնական շեշտը դրվում է կանաչ արդյունաբերության վրա, ներկայումս ընկերությունը վերամշակում է այլ տեքստիլ արտադրություններից առաջացող թափոնները՝ նոր կյանք տալով մանրաթելերին՝ արդյունքում տնտեսվում է ոչ միայն նոր արտադրվող բամբակը, այլ նոր բամբակի արտադրության մեջ կիրառվող քիմիկատները, հետագայում նաև թելերից պատրաստվում են կտորներ, որոնք չեն ներկվում և քիմիական նյութերը չեն աղտոտում բնությունը։ Ընկերության արտադրանքը ներկայումս արտահանվում է ՌԴ, Ուզբեկստան։
Պատասխանատուները շրջել, ծանոթացել են արտադրական գործընթացներին և հզորություններին, աշխատանքային պայմաններին և հնարավորություններին։
Երկու ընկերություններն օգտվել են պետության կողմից տրամադրվող մաքսատուրքից ազատման արտոնությունից և պետական լիզինգի գործիքակազմից, ինչն էապես օգնել է ավելացնել արտադրողականությունը։
Աշխատանքային այցի շրջանակներում հաջորդ կանգառը եղել է Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում, դիտարկվել է Սառնաղբյուրի ջրամբարը։ Կառավարությունը 2025 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ Սառնաղբյուրի ջրամբարի պատվարի անվտանգ շահագործման նպատակով նախագծերի ձեռքբերման համար հատկացրել է 18 մլն դրամ։ Սառնաղբյուր բնակավայրից 2 կմ արևմուտք՝ Ճլկան գետի վերին հոսանքում, մոտ 1000 մ բարձրության վրա գտնվող ջրամբարը շահագործման է հանձնվել 1972 թվականին։ Ջրատարողությունը 4,85 մլն խորանարդ մետր է։ Ջրամբարը ոռոգում է ավելի քան 2000 հա հողատարածք։
Սառնաղբյուր բնակավայրում Դավիթ Առուշանյանն ու Գևորգ Պապոյանը հանդիպել են բնակիչների հետ, լսել նրանց մտահոգություններն ու խնդիրները, քննարկել հնարավոր լուծման տարբերակներ։
Պատասխանատուներն այնուհետև Գուսանագյուղի ցանքատարածությունների բերքահավաքի ընթացքին են հետևել։ Գուսանագյուղում պետության կողմից իրականացվող բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում 264 հա հացահատիկային մշակաբույսերի ցանք է կատարվել՝ ցորեն, գարի, վարսակ։ Շուրջ 8 հա մշակած Արտյոմ Հարությունյանը մարզպետի և նախարարի հետ զրույցում բերքի ցուցանիշներից գոհունակություն է հայտնել՝ նշելով, որ նախորդ տարվա ցուցանիշներից անհամեմատ ավելի բերք են ստանում այժմ։