Իսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) քվեարկել է Արևմտյան ափին հրեական պետության ընդլայնման օգտին։ Տարածքը ներկայումս գտնվում է Պաղեստինի ինքնավարության վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post-ը։
Հավանության արժանացած փաստաթուղթը «Իսրայելի ինքնիշխանությունը Հրեաստանի, Սամարիայի ու Հորդանան գետի հովտի վրա տարածելու մասին» բանաձևն է, որին կողմ է քվեարկել 71, դեմ ՝ 13 պատգամավոր:
Իսրայելի օրենսդրության համաձայն՝ այս տարածքների ներկայիս կարգավիճակը, բացառությամբ Արևելյան Երուսաղեմի, սահմանվում է որպես «ժամանակավոր ռազմական օկուպացիա», իսկ տարածքների օրինական կառավարիչը Իսրայելի պաշտպանության ուժերի կենտրոնական հրամանատարությունն է։
Արևմտյան ափի բնակչության մոտ 20%-ն իսրայելցի նորաբնակներ են։ Նրանց մեծ մասը բնակվում է C գոտում, որտեղ կենտրոնացված են ջրային և հանքային պաշարները, ինչպես նաև գյուղատնտեսության համար առավել հարմար հողերը։
Հորդանան գետի Արևմտյան ափը, ինչպես նաև Գազայի հատվածը, այն տարածքներն են, որոնց վրա պետք է ստեղծվեր անկախ Պաղեստին պետությունը։