Վահրամ Խորխոռունու սպանության գործով ձերբակալված անձի խափանման միջոցը բավարարվել է, նա կալանավորվել է: Այս մասին 1lurer.am-ին տեղեկացրին ՔԿ-ից:
Օրեր առաջ ՔԿ-ն հայտնել էր, որ որ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն։
Մասնավորապես՝ Ս.Ա.-ն, հանդիսանալով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված հանցանքի կատարումը վկայող բավարար փաստերի հիմքով Ս.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (շահադիտական դրդումներով կատարված սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Նա ձերբակալվել է: