Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «Նիսանի» վարորդը Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրի տարածքում մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Տավուշի մարզի պարեկները պարզել են նրա ինքնությունը:
Հուլիսի 20-ին Բագրատաշենի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալել և, «Նիսանով» հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։
Նա և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին, որտեղ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Հանգամանքները պարզվում են։
«Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ․ բոլոր օրինազանցումները ստանալու են համարժեք արձագանք»,- նշվում է հաղորդագրությունում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: