Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 15-ին այց են իրականացրել բժշկական կենտրոն՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակով։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ մասնագիտությամբ բժիշկն ու հոգեբանը, առանձնազրույց են ունեցել Լիանա Հարությունյանի և բժշկական անձնակազմի հետ։
Հանդիպման մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման՝ ելնելով անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներից և գործընթացի զգայուն բնույթից։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումն ու անհրաժեշտության դեպքում՝ արձագանքման համապատասխան գործողությունների ձեռնարկումը:
Նախօրեին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն
այցելել էր «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: Նախարարը նշել որ, որ երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո:
Ավելի վաղ դեպքի հետ կապված ՀՀ օմբուդսմենը հայտարարություն էր տարածել, որ քաղաքացու և երեխաների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը նրա անմիջական ուշադրության կենտրոնում են, և որ ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ արդեն իսկ ձեռնարկվել և ձեռնարկվում են համապատասխան քայլեր անձանց իրավունքների երաշխավորման, այդ թվում` երեխայի խնամքի տրամադրման հարցի առնչությամբ: