Հայկական կոնյակի փոխադրման գործընթացում վրացական կողմի ստեղծած անհիմն խոչընդոտների հետևանքով տնտեսվարողների ֆինանսական մուտքերը կրճատվել են, և առաջացել է խաղողի մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկման խնդիր: Տնտեսվարողներին աջակցելու նպատակով չզեկուցվող հարցերից մեկով այսօր Կառավարությունը որոշել է երկարաձգել խաղողի մթերումների պայմանագրերի կնքման վերջնաժամկետը: Օգոստոսի 1-ի փոխարեն նոր վերջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 1-ը: 6 ամսով երկարաձգվել են նաև 2022-2023 թվականներին խաղողի մթերման նպատակով ներգրավված վարկերի մայր գումարի մարման համար արտոնյալ ժամկետները:
Մեկ այլ որոշմամբ գործադիրն ընդունել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության տրամադրման որոշում: Այս որոշմամբ կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 7 ընտանիքի բնակարանային խնդիրը:
Կառավարության նիստի մանրամասները՝ ռեպորտաժում: