ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ ԵՄ-ում ՀՀ ունեցած քննարկումներին:
«Բնականաբար մեզ հարց է հնչում, թե արդյոք ընդունված օրենքը նշանակում է, որ Հայաստանը ուզում է դառնալ ԵՄ անդամ: Իմ պատասխանը եղել է, որ այո՛, Հայաստանը ուզում է դառնալ Եվրոպական միության անդամ, և խոսակցության շարունակությունը եղել է հետևյալը, որ և՛ եվրոպացի գործընկերները, և՛ մենք արձանագրել ենք, որ որևէ երկրի ԵՄ անդամ դառնալը պարզ պրոցես չէ: Նախ՝ ԵՄ բոլոր անդամները պետք է դրա հետ համաձայնվեն, և նույնքան կամ ոչ պակաս կարևոր՝ երկիրը պետք է համապատասխանի ԵՄ չափանիշներին:
Ինձնից մեկնաբանություն են ուզել, թե ոնց եմ պատկերացնում այդ խնդրի լուծումը: Ես ասել եմ հետևյալ կերպ, որ բոլոր դեպքերում մենք բարեփոխումների հավակնոտ ծրագիր և ռազմավարություն ունենք: Այդ ռազմավարությունը մենք էսպես թե էնպես իրականացնելու ենք: Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրով և առաջիկայում կլինի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր օրակարգը, մենք այդ ամեն ինչի սահմաններում մեր երկրի բարեփոխումները շարունակելու ենք մինչև այն կետը, որ օբյեկտիվորեն ՀՀ-ն բոլոր առումներով համապատասխանի եվրոպական ստանդարտներին: Այս կետում կա երկու տարբերակ. կամ Հայաստանին ընդունում են ԵՄ անդամ, կամ ՀՀ-ին չեն ընդունում ԵՄ անդամ: Եթե Հայաստանին ընդունում են ԵՄ անդամ՝ շատ լավ, եթե ինչ-ինչ պատճառներով ՀՀ-ին չեն ընդունում ԵՄ անդամ, Հայաստանը այդ կետի վրա լինում է եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխանող երկիր: Երկու դեպքում էլ մենք այս ռազմավարությունը չշարունակելու որևէ պատճառ չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ այլ հարցեր ևս քննարկվել են: «Իհարկե, վիզաների ազատականացման գործընթացը, որը բավականին հաջող ընթանում է: Իհարկե, դա աշխատատար պրոցես է, բայց մենք մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրել այն փաստի վրա, որ հիմա եվրոպական, ԵՄ անդամ երկրների դեսպանատներում շատ մեծ հերթեր են, և մարդիկ ամիսներ են սպասում: Այսօրվա հերթագրումից հետո հերթը կարող է հասնել 6 ամիս հետո, 7 ամիս հետո, և դա մեծ պրոբլեմ է: Իհարկե, սա նաև կապված է ինչի՞ հետ. դա էլ եկեք արձանագրենք, որ հոսքը շատացել է դեպի ԵՄ: Եթե չեմ սխալվում՝ 2019 թվականի համեմատ 2024-ին կամ 300, կամ 400 տոկոսով ուղևորությունների աճ է տեղի ունեցել Հայաստանից դեպի ԵՄ: Սա, իհարկե, կապված է ավիացիոն ոլորտի բացված հնարավորությունների հետ: Հիմա երբ ասում եմ, որ աշխատավարձերի բարձրացում է տեղի ունեցել և այլն, ասում են՝ էլի կտրված է իրականությունից Կառավարությունը: Բա, ժողովուրդ ջան, էդ ինչո՞վ են մարդիկ գնում Եվրոպական միություն, որ մի հատ էլ 6 ամիս հերթ է առաջանում: Դա մարդիկ են, որ ունեն այդ ֆինանսական միջոցը, որ տոմս առնեն, գնան, հյուրանոց վարձեն և այլն, բա որտեղի՞ց, որտեղի՞ց են անում այդ ծախսը: Մարդ, որ գնում է Եվրոպա, որոշակի ծախս պետք է անի, չի կարող 3000 դրամով գնա Եվրոպա, հետ գա: Մենք այս հարցը քննարկել ենք և եվրոպական մեր գործընկերներին խնդրել ենք, որովհետև մենք մի կողմից խոսում ենք ԵՄ-ի հետ մեր աննախադեպ մերձ հարաբերությունների մասին, մյուս կողմից՝ մարդիկ ամիսներով չեն կարողանում վիզայի ընդունելության գնալ, ստանալ-չստանալը երկրորդ խնդիրն է: Մենք այս հարցերի շուրջ էլ քննարկել ենք»,- ասաց նա: