Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից իմ տպավորությունները դրական են, և այդ նյուանսը կարևոր է: Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքի վրա, որ ես Թուրքիա գնացել էի ոչ թե հայ-թուրքական օրակարգով, ես Թուրքիա գնացել էի Հայաստանի Հանրապետություն-Թուրքիայի Հանրապետություն հարաբերությունների օրակարգով: Սա շատ կարևոր նրբություն է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, ես Թուրքիայի նախագահին շնորհակալություն եմ հայտնել հրավերի համար և բաց ու անկեղծ խոսակցության համար, ու մենք քննարկել ենք բոլոր հարցերը. նկատի ունեմ կոմունիկացիաների բացման, հարաբերությունների հաստատման, տարբեր ոլորտներում հնարավոր գործակցության, Անիի պատմական կամրջի վերականգնման: Նաև այսպիսի հարցեր ենք քննարկել մեր օրակարգի: Ընդհանուր տպավորությունները եղել են դրական: Ես չեմ կարող որևէ նեգատիվ նյուանս նշել այդ հանդիպման մասին:
Նաև պետք է ընդունեմ, որ այդ հանդիպման արդյունքներով մի կոնկրետ, շոշափելի, ասենք, օրինակ՝ սահմանը չբացվեց այդ հանդիպման արդյունքներով, բայց մենք մեր ընկալումներն էլ պետք է փոխենք այն առումով, որ այդպիսի բարդ, երկար ժամանակ խորը արմատավորված հարցերը մի գործողությամբ, մի բանակցությամբ, մի հանդիպումով չեն լուծվում: Պետք է հետևողականորեն աշխատել, վստահություն ստեղծել, նաև հանրություններին է պետք նախապատրաստել, որովհետև շատ բարդություններ և բարդույթներ կան և՛ այնտեղ, և՛ մեզ մոտ: Բայց ես չեմ կասկածում, որ այդ կետին հասնելու ենք, որ, ի վերջո, և՛ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվելու, և՛ սահմանն է բացվելու, և այդպես շարունակ: Սա շատ կարևոր է, և, իմիջիայլոց, Հայաստանի պետականության հարատևության, անկախության, ինքնիշխանության ռազմավարության տրամաբանության մեջ Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ ունենալը շատ կարևոր է, շատ ակնհայտ բան է:
Մենք պետք է առերեսվենք, որ մեր ինքնիշխանության և անկախության հոգեբանական կամ պրակտիկ սահմանափակումների մի հսկայական մասը կապված է Թուրքիայից սպառնալիքի մեր զգացողությունների ընկալման և տրամաբանության հետ: Այսինքն՝ բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, նշանակում է հաղթահարել սպառնալիքի և՛ ընկալումը, և՛ ինչ-որ առումով հենց առնվազն այդ սպառնալիքները կառավարել, կամ այդ սպառնալիքները նվազեցնել, որի արդյունքում մենք անկախ լինելու ավելի շատ տարածք կունենանք:
Սա շատ ակնհայտ և շատ պարզ բան է, և մենք գնում ենք այդ ճանապարհով և, բացի բարձրագույն մակարդակում շփումներից, մենք Թուրքիայի հետ ունենք մշտական երկխոսություն և ուրախ ենք այդ երկխոսության համար: Դա քաղաքացիների համար գուցե շատ պրակտիկ ձեռքբերում չի, բայց դա է այն հիմքը, որի վրա հենվելով՝ մենք հասնելու ենք ավելի կոնկրետ արդյունքների»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ հունիսի 20-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։